ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունը հնգամյա ժամկետով չի սահմանափակվի: Այս մասին, ինչպես հայտնում է polit.info-ն, հայտնել է Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ստասկովը՝ «Լեռնային Ղարաբաղ․ Նոր աշխարհ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Եթերի ժամանակ հյուրերը քննարկել են տարածաշրջանում ռուս խաղաղապահների անվտանգության հարցերը: Ստասկովի կարծիքով՝ հակամարտության վերջնական ավարտից հետո հրադադարը խախտել ցանկացողներ չեն լինի: Վերջինս, միաժամանակ, չբացառեց Լեռնային Ղարաբաղում առանձին սադրանքները:
«Երբ հակամարտությունն ավարտվում է, հակամարտությանը մասնակցել ցանկացողներ էլ չկան: Առանձին սադրանքներ կարող են լինել: Սակայն խաղաղապահները միշը պատրաստ են իրենց անվտանգության հետ կապված այդ հարցերն ինքնուրույն լուծել: Դրանք պատրաստված մարդիկ են՝ իրենց զենքով և որոշակի իրավունքներով: Ես կարծում եմ՝ այստեղ առանձնապես խուճապ պետք է չլինի»,- ասել է նա:
Փորձագետը միաժամանակ նշել է, որ ռուս խաղաղապահները պետք է շատ զգույշ լինեն տարածքներ ականազերծելիս:
Հարցին՝ ո՞ր դեպքում կարող են ռուս զինվորականներն ուժ կիրառել, Ստասկովը պատասխանել է՝ միայն եթե իրենց կյանքին ու առողջությանն իրական սպառնալիք կա: Մնացած պարագաներում խաղաղապահները պետք է կանխեն ցանկացած բռնություն, մահ, զինաթափել ռազմական գործողությունների մասնակիցների, միջոցներ ձեռնարկել, որ իրենց պատասխանատվության գոտում զինված հակամարտություններ չլինեն:
--00--ԱԹ