ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված, իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով, վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:
Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով հաշխատանքից ազատմամբ:
Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝ ի շահ իերնց կուսակցական պարագլուխների համար քվե կորզելու:
Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:
Սիրելի հայրենակիցներ,
մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված որևէ ոտնձգության փորձ:
Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա»:
--00—ՄՀ