ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Ավագանու անդամները իրենց հրաժարականի պատճառների մասին եթե ուզենան կասեն, ես չէի ուզի այդ հարցին անդրադառնալ: Այս մասին «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը` անդրադառնալով ավագանու անդամների հրաժարականին:
«Ավագանու անդամները իրենց հրաժարականի պատճառների մասին եթե ուզենան կասեն, ես չէի ուզի այդ հարցին անդրադառնալ: Բայց ինչ վերաբերմունք ունեմ դրա հետ կապված, անկեղծ ասած այդքան էլ դրական չեմ վերաբերում, որովհետեւ ավագանու 8 անդամների հրաժարականը տանում է Կապանում ավագանու անդամների նոր ընտրությունների եւ բնական է նոր ընտրությունները նոր լարվածություն, նոր քաղաքական վիճակներ եւ ավելորդ նյարդային համակարգի խաթարում»,- ասել է նա:
Կապանի քաղաքապետը կարծում է, որ ավագանու անդամների հրաժարականը պատահական չէ եւ դրանով ուզում են ազատվել իրենից:
«Ես կուզենամ, որ ավագանիները իրենք պատճառները ներկայացնեն, բայց միամիտ պիտի լինի մարդ, որ չհասկանա` ինչ է իրականում կատարվում: Եւ պատահական չեմ համարում, որ ավագանիներից 5 հոգու ազատել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից եւ դրանից հետո բոլոր ավագանիներին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության անիմաստ գործերով եւ դրանից հետո անմիջապես հաջորդեց 8 ավագանու անդամների հրաժարականը: Այդ ամենը պատահական չէ եւ հասկանալի է, որ այստեղ թիրախը ընտրված է Փարսյան Գեւորգը եւ դրանով ուզում են ազատվել ինձանից` համայնքը տանելով նոր ավագանու ընտրությունների»:
Փարսյանը նշեց, որ օրենքն իրեն թույլ է տալիս պաշտոնավարել մինչեւ 2023 թվականը, սակայն եթե տեղի են ունենում ավագանու նոր ընտրություններ, եւ եթե ընտրվեն հակադիր ուժի ներկայացուցիչներ, ինքն անիմաստ է համարում պաշտոնավարել, քանի որ բազմաթիվ խոչընդոտներ կառաջանան` սկսած անվստահություն հայտնելով, մինչեւ ցանկացած նախագծի չհաստատում, որը կբերի նոր ճգնաժամի:
«Դրա համար ես որոշել եմ մասնակցել ավագանու նոր ընտրություններին եւ անիմաստ եմ համարում պաշտոնավարել, եթե չլինի մեր ընտրած ավագանու կազմը»,-ասաց նա` հավելելով, որ ինքը շարունակելու այւս պահին պաշտոնավարել:
Փարսյանը հավելեց, որ ինքը հայտարարություն կանի, թե ինչ քաղաքական ուժով կմասնակցի ավագանու ընտրություններին:
Օրեր առաջ Կապանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Aravot.am-ին հայտնել էր, որ ավագանու 15 անդամից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը, Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները՝ դիմումներում չնշելով հրաժարականի պատճառների մասին:
Մինչ այդ, ըստ աղբյուրի, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, բայց քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։ Միայն մեկ հոգի էր ներկայացել՝ Նարեկ Դավթյանը։
Ըստ գործող կարգի՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում։ Փաստորեն, եթե ավագանու երկու անդամ էլ մանդատից հրաժարվեն, ապա Կապանի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն։
Հրաժարական ներկայացրած ավագանու անդամները Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ոչ մեկը իրենց չի հորդորել, պարզապես չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել։
Նրանցից 3-ը՝ Վաչե Ասրյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վիլեն Գրիգորյանն աշխատում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ հուլիսի 13-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նրանց ազատել էր աշխատանքից:
--00—ԼՄ