ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է իր դիրքերն է՛լ ավելի ուժեղացնել մարզերում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Նոյեմբերին կայանալիք ընտրություններից ամենաթեժը Կապանում է լինելու, որտեղ կրկին առաջադրվել է Կապանի ներկայիս համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Կապանում հաղթանակն ապահովելու համար ՔՊ-ն որոշել է Սյունիք «գործուղել» ՔՊ «հնաբնակներին»՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ՔՊ վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որը, չնայած այս պահին որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, այնուամենայնիվ, շարունակում է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել:
Պատահական չէր, որ օրեր առաջ էլ՝ հոկտեմբերի 25-ին, փոխվարչապետ Պապիկյանի հետ աշխատանքային այցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը: Այցի նպատակներից մեկը Սյունիքում վախի մթնոլորտի բացառումն է, քանի որ տարիներ շարունակ ԶՊՄԿ-ի աշխատակիցները կախյալ են եղել նախկին իշխանություններից: Իսկ այժմ ներկայիս իշխանությունները ցանկանում են լծակները վերցնել իրենց ձեռքը՝ նպատակ ունենալով կանխել ժողովրդի ազատ ընտրություն անելու վրա ազդելու բոլոր փորձերը:
--00--ԱԹ