ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հուսիկ Արան «Եվ սերը ասաց» բանաստեղծությունն է կարդում։
Բանաստեղծությունը գրված է աստվածաշնչյան՝ աշխարհի արարման մոտիվներով։ Պարզապես եթե Աստվածաշնչում Աստված արարում է աշխարհը, ապա բանաստեղծության մեջ հեղինակը աշխարհի նմանությամբ արարում է սիրելի կնոջ կերպարը։
Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերդ չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:
Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասաց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:
Սերը ուզեց արև լինի,
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի,
քո հմայքը եղավ,
և աստղեր ուզեց` ժպիտը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:
Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
հմայքը,
ժպիտը
և իշխես բոլորին ու իր վրա:
Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:
2015 թվական