ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը:
Այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում, քիչ անց կուղարկենք դատախազություն: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս):
Հ.Գ. Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա»:
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն: