ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից հետո Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները։
Հաղորդագրությունը՝ ստորև․
«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ։
Նրանք ողջունել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել երկկողմ կապերն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամությունը։
Նրանք քննարկել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին՝ ի պատասխան Ռուսաստանի «չպատճառաբանված ագրեսիայի»:
Սալիվանը ողջունել է Ադրբեջանին եվրոպական էներգետիկ անվտանգությանը նրա երկարամյա հանձնառության համար և քննարկել տարածաշրջանային էներգակիրների հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը:
Երկուստեք ներկայացվել են ավելի լայն տարածաշրջանի համար ուկրաինական հակամարտության հետևանքների վերաբերյալ տեսակետները:
Սալիվանը փոխանցել է նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։
Սալիվանը աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին և փոխանցել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցների գործադրմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի կարգավիճակով»։
--00—ԼՄ