2022-ի 1-ին կիսամյակում հանցագործությունների թիվը Ստեփանակերտում կրկնակի աճել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

բորիս

2022 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Վարչության պետ փոխգնդապետ Բորիս Ջալավյանն ասում է, որ անցած 6 ամիսների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 772 դեպք, նախորդ տարվա 379-ի համեմատ:

Հանցագործությունների աճին զուգահեռ՝ մայրաքաղաքում բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս աճել է, կազմելով 47.8 տոկոս:

2022 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 215 ծանր հանցագործություն, որից 207-ը գտնվում է քննության փուլում, 3-ը կասեցվել է, 1-ը կարճվել, իսկ 4-ն ուղարկվել է դատարան:

Ըստ ծանրության աստիճանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4 դեպքով աճել է առանձնապես ծանր, 3 դեպքով նվազել ծանր, 6 դեպքով միջին ծանրության, և 211-ով աճել է ոչ մեծ ծանրության դեպքերի քանակը:

Գրանցված հանցագործություններից 581-ը բացահայտման տոկոում հաշվվող հանցագործություններ են: Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել է 396 դեպք:

Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ու բացահայտել մի շարք հանցագործություններ:

Նույն ակտիվությամբ օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքներ են տարվում նախորդ տարիներին կատարված և չբացահայտված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ Ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացրել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ: Հայտնաբերված հանցագործություններ ու իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ օրենքի սահմաններում կիրառվել են համապատասխան պատժամիջոցներ:

Վարչության ծառայողները պարբերաբար հանդիպումներ են անցկացրել հաշվառման մեջ գտնվող քաղաքացիների և անչափահասների հետ: Վարչությունում և ոստիկանության քաղաքային հենակետերում մշտապես կատարվել է բնակչության ընդունելություն:

Քաղաքային վարչությունը հաճախակի հանդիպումներ է ունեցել նաև զանգվածային լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Հասարակության հետ մշտական շփումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը:

--00—ԼՄ