Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը:



Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։



Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։



Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է:



Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում տուժողի և վերջինիս 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածներ է հացրել 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։



Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։



Նախաքննությունը շարունակվում է։