ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում` Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ անցկացվել է «Հաւք» ԱԹՍ 2-րդ մրցույթը։
Միջոցառման աջակիցներից է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով առաջարկել լուծումներ:
Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակցության 106 հայտ է ներկայացվել: Մասնակից խմբերին, համապատասխանաբար, առաջադրվել են պարզ, միջին և բարդ խնդիրներ՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթների առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը էապես բարձրացնում է փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Մրցութային առաջին օրը փորձակայանում տեղի է ունեցել պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ են իրականացրել դպրոցական թիմերը։ Երկրորդ օրը սիրողական և մասնագիտացված խմբերը հանդես են եկել մրցութային թռիչքներով, ապա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։
Մասնակիցներին տրվել են հավաստագրեր, իսկ անվանակարգերում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները արժանացել են դրամական և այլ պարգևների։
Գերատեսչությունը ողջունում է օդային ռոբոտաշինության զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառելության կարևորությունը և դրանց աշխատանքի արդյունավետությունը գործողությունների ընթացքում։
--00—ԶՀ