ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։
Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։
Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները»,- գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր՝ Արցախ տեղափոխված հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:
--00—ԶՀ