ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«XVIII դ. ֆրանսիական մեծ հեղափոխության մասնակից, իրավաբան Ժակ Փեշեին են պատկանում թևավոր դարձած «Ամեն նորը՝ լավ մոռացված հինն է» խոսքերը: Այս տրամաբանությամբ նորը հասկանալու համար պետք է պեղել հինը:
Հայկական տարբեր իրողությունների վերաբերյալ մեր իսկ վերաբերմունքի «ֆենոմենը» բացատրելու առումով անգնահատելի են հայ առակագիրների թողած ժառանգությունը, որոնց շարքում առանձնանում են միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր և առակագիր Վարդան Այգեկցու գործերը:
Ահա և դրանցից մեկը, որն ավելի քան արդիական է այսօր, քան երբև է...
Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին…
Հ.գ. Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ, հաճախ նույն քաղաքում ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին»:
--00—ԶՀ