Երկրորդը տրված չէ՝ ճշմարտությանը առերեսվելու պահը․ Գոռ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

12

Երկրորդը տրված չէ՝ ճշմարտությանը առերեսվելու պահը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Հայաստանի անվտանգության և Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի դիտարկել միմյանցից անկախ. երկրորդը տրված չէ:

Լայնորեն քննարկվող հայ-ադրբեջանական հաշտությանը ընդառաջ՝ էլ ավելի օրհասական է այս իրողության վերստին ամրագրումը:



Հայաստանը՝ մերձավորարևելյան-անդրկովկասյան տարածաշրջանի մաս է և իր վրա ամբողջությամբ և կամ մասնակի, կամա թե ակամա կրում է տարածաշրջանում ընթացող գործընթացների ազդեցությունը և պատասխանատվությունը: Այս տարածաշրջանը խաղի իր կանոներն ունի. սա հավաքական Արևելքն է, որտեղ ուժը և անկոտրում կամքը, քաղաքական խորամանկությունը և ճարպկությունն են հաղթում, որոնց շնորհիվ անկախություն է նվաճվում և պետականություն պահվում: Պատերազմին պատրաստ լինելը շատ հաճախ կանխում է պատերազմը:

Հավանաբար, կարող էինք ունենալ գոյաբանության երկրորդ և անգամ երրորդ տարբերակը, եթե աշխարհագրորեն Հայաստանը և Արցախը գտնվեին Մայրցամաքային Եվրոպայում, բայց աշխարհագրական առումով ունենք այն, ինչ ունենք: Ունենք թուրք-ադրբեջանական ունիսոն, Ռուսաստան և Իրան, ինպես նաև տեղի աշխարհագրական պատկանելիություն չունեցող ԱՄՆ-Արևմուտք: Մեզ համար առանցքային են մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ: Ի վերջո աշխարհագրական հարևաններին չեն ընտրում, այլ նրանց հետ կանոնակարգված հարաբերություններ ունենալու համար ստեղծում համակեցության արժանապատիվ, պատրանքներից և աղջկական ճակատագրապաշտությունից զերծ միջավայր:

Հայկական խոսույթում՝ առավելապես վերջին շրջանում, անվտանգային հարցերի շուրջ ծավալված քննարկումների ճնշող մեծամասնությունը ճակատագրական զավեշտությամբ կրկնում են մեր պատմության տարբեր ժամանակահատվածներին բնորոշ քաղաքական արկածախնդրությունը և հախուռնությունը: Մեզ համար Արևմուտքի կամ Ռուսաստանի նախընտրելիության օգտին անհույս մոլորումների մեջ լղոզվում, իսկ հետո փոշիանում է Հայաստանի պետական շահը, Արցախի կարգավիճակի հարցը, այնուհետև ի սպառ զրոյանում հայաստանակենտրոնությունը: Հայաստանը աշխարհաքաղաքական իր նախընտրությունների նկատմամբ պետք է ունենա միայն դիրքորոշում և ոչ կողմնորոշում: Միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ ստեղծված իրադրության, մեջ լավագույն ընտրությունն է հաշվարկված և հավասարակշռված հարաբերություններն այն բոլոր կողմերի հետ, որոնք որևէ կերպ կարող են նպաստել մեր իսկ կողմից մեր պետական շահերի սպասարկմանը:

Մեր շահերի սպասարկման միջավայրը այս տարածաշրջանն է, որտեղ տևական ժամանակ Հայաստանը և Արցախը միմյանց անվտանգության երաշխավորողներն էին:

2020 թ. 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած գործընթացները ծայրաստիճան բարդ իրավիճակ են ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Պատերազմի հետևանքները և տարածաշրջանային գործընթացները բյուրեղացրեցին նաև Արցախի դեմ սանձազերծած պատերազմի աշխարհաքաղաքական գործոնները: Իր հերթին պատերազմը Ուկրաինայում որակապես նոր մարտահրավերներ է առաջ բերել անմիջականորեն նաև Հայաստանի և Արցախի համար: Բայց և այնպես, Արցախը, թեկուզ և բզկտված, Հայաստանի Հանրապետության անվտանգության թերևս ամենաէական բաղադրիչ-գործոնն է, եթե կուզեք՝ անգամ ինքնապահպանման պորտալարն է:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սուբյեկտայնությունը և նաև ինքնիշխանության ամբողջականությունը որպես գործոն փոխկապակցված է Արցախի կարգավիճակի հետ: Այս առումով տեղին է վերհիշել, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության անվտանգային հետագիծը սկսվել և հիմա էլ դեռ շարունակվում է Արցախով:

Հետևաբար, քաղաքական ինքնախաբեություն է խեղել և կամ մերժել այս իրողությունը: Իսկ քաղաքական ինքնախաբեության լավագույն դատավորը ժամանակն է, ժամանակինն էլ՝ պատմությունը: Ով-ով, բայց պատմական հիշողությունը դեռ չկորցրած հայ ժողովրդի մի մասը դա լավ գիտի:

Հ.գ. Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ հասցեատերն ու պատասխանատուն հավաքական հայ ժողովուրդն է, Հայաստանի հավաքական ներկա և ապագա քաղաքական էլիտաները,

մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր պետականության պահպանման և գալիք սերունդներին թողած ժառանգության համար,

դեպի խաղաղություն տանող ճանապարհը, իսկ դրա կարիքը առավել քան երբևէ մենք հենց հիմա ունենք, անցնում է միայն պայքարի միջով, հակառակը անձնատուր լինելն է,

Հայաստանն ու Արցախը ծնկած չեն, քանի դեռ Եռաբլուրը խնկարկվում է, իսկ մեր օրակարգում դեռ առաջնահերթ խնդիրն է համերաշխությունն ու համախմբումը, պետության նպատակի առաջադրումը:

Realpolitik-ում երկրորդը տրված չէ...

--00—ԻԴ