ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նադիա Մուրադը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած բռնություններ, որի հետևանքով այսօր հազարավոր հայեր ստիպված լքում են ԼՂ-ում իրենց հայրենի տունը, անվանում է մարդկության դեմ հանցագործություն։
«Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ Նադիա Մուրադը խոսել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար աղետի մասին՝ նշելով․
«Իմ սիրտն այն բոլոր հայերի հետ է, ովքեր լքում են իրենց տները՝ իրենց հետ տանելով միայն վախ և անորոշություն։ Դա մարդկության դեմ հանցագործություն է, և աշխարհը պետք է միասին արագ գործի անցնի՝ գտնելու խաղաղ կարգավորում։ Հազարավոր մարդիկ չպետք է դատապարտված լինեն ապրելու փախստականների ժամանակավոր ճամբարներում՝ առանց ապագայի և հույսի»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԼՂ-ում ադրբեջանական բռնությունների թիրախում են նաև կանայք ու երեխաներ, և արդեն իսկ կան զոհեր երեխաների շրջանում, Նադիա Մուրադը, ով հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության հարցում իր ակտիվ գործունեությամբ, մասնավորապես նշել է․ «Բոլոր իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու կանանց ու երեխաներին անվտանգությունը սեռական բռնություններից ու թրաֆիքինգից, որը կարող է ծագել հակամարտության ժամանակ։ Ինչպես բռնության բոլոր տեսակների դեպքում՝ կանխարգելումն ավելի լավ է, քան միջամտությունը, իսկ միջամտությունն անսահման ավելի լավ է, քան երես թեքելը» ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ