ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա ժամերին հրաժարական կտա: Այս մասին հայտնում են 24News-ի Գյումրու աղբյուրները:
Մենք կապ հաստատեցինք Գյումրու քաղաքապետի աշխատակազմ, որտեղից նշեցին, թե «էս պահին որևէ բան չկա, բայց առաջիկա ժամերին հնարավոր է՝ բան փոխվի»:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ, որը, 24News-ի տեղեկությունների համաձայն, հավակնում է դառնալ Գյումրու քաղաքապետ, մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին իրեն հայտնի չէ` ներկայացրել է հրաժարակա՞ն, թե՝ ոչ. «Խոսակցությունների մակարդակի է», - նշեց նա։
Մենք փորձեցինք կապ հաստատել Գյումրու քաղաքապետի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը պտտվում են արդեն 2 շաբաթ և ավել՝ «Սև Բերդ» ամրոցի հարակից հողամասերն ապօրինի օտարելու փաստով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների` մասնավորապես որդու ու նրանց փոխկապակցված անձանց կալանավորումների ֆոնին:
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հանդիսանում է «Բալասանյան» դաշինքի անդամ։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ