ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները և գործունեությունը կնպաստեն Հայաստանի և Դոմինիկանայի միջև հարաբերությունների զարգացմանը:
«Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, և դրանով է պայմանավորված, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կանադայում ՀՀ դեսպանը 2021 թվականից հավատարմագրված է նաև Դոմինիկանայի Հանրապետությունում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակը ողջունել է Երևանում 2022 թվականին Դոմինիկանայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը` որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր քայլ: Հայաստանը ևս նախատեսում է Սանտա Դոմինգոյում ստեղծել պատվավոր հյուպատոսի գրասենյակ:
Ըստ Հակոբ Արշակյանի` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 17 տարիների ընթացքում դեռևս բարձր մակարդակի երկկողմ այցեր չեն եղել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորել է տարեցտարի առավել մեծ նշանակություն ունեցող միջխորհրդարանական համագործակցությունը:
Երկկողմ հարաբերություններում արժևորելով իրավապայմանագրային հարցերը` Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքը` ներկայացնելով երկու երկրների միջև առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծը, ինչը կնպաստի քաղաքացիների և գործարար համայնքների միջև սերտ շփումների խթանմանը: ԱԺ փոխնախագահը խոսել է մի շարք ոլորտներում` կրթական, զբոսաշրջության, առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունից:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Դոմինիկանան ժողովրդավար երկրներ են, միևնույն արժեհամակարգի կրող, ունեն շատ ընդհանրություններ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Այս համատեքստում կողմերը բարեկամական խմբեր ստեղծելու հարցում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել: Ալեխանդրո Արիաս Սարսուելան ընդգծել է, որ չնայած երկրների միջև մեծ հեռավորությանը` տարբեր բնագավառներում առկա է փոխգործակցության զարգացման ներուժ:
--00—ԱՀ