Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ԱԱ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է: Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը:

Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան մի շարք առանձնահատկություններ և բնութագրական ընդհանրություններ, որոնք արժե թեթևակի ի մի բերել, մանավանդ որ Փաշինյանն ինքը դրա առիթը տվեց՝ օրերս Գյումրիում իր քպականների առաջ ունեցած «պադվալա-բոցաշունչ» ելույթով:

Տեսեք, 2018-ի ապրիլից ի վեր, սկսած այդ տարվա սեպտեմբերից (Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ), Փաշինյանը միշտ անձամբ է մասնակցել քարոզարշավներին, նախընտրական հավաքներին, մշտապես ելույթներ է ունեցել, հայտարարություններ ու բացականչություններ արել: 

Անխտիր բոլոր դեպքերում Փաշինյանը դիրքավորվել է ծայրահեղ ագրեսիվ, աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով՝ ընտրության մյուս մասնակիցների հասցեին, հնչեցրել է սուր մեղադրանքներ, որոնք գրեթե երբեք սահմանված կարգով չեն հաստատվել: Ավելին, իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանական և ուժային կառույցներին տվել է ակնհայտորեն սադրիչ ու ծայրահեղական հրամաններ ու հրահանգներ:


Թեթևակի արժե հիշեցնել նրա ինչպես նախկին, այնպես էլ վերջին ելույթների ագրեսիվ, հասարակության ներսում ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակ հետապնդող բառամթերքը և մոտեցումները: Տեսեք, Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», խոսեց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «բորդյուր լիզելու» և նմանօրինակ ֆրազներով: Նկատենք, բոլոր այդ դեպքերում նա եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ նրա այդ սպառնալիքները նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանական, աածական ուժերը դիմակավորված («մասկի-շոու») ցուցադրություններով, կաշվից դուրս գալով ձգտել են իրականացնել:

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր: Կան դիտարկումներ, որ Փաշինյանը «ջարդեմ-փշրեմ», «ծեփեմ-փռեմ», «պադվալի առնետ», «թալանչի նարկոկարտել» ու նման դրսևորումներով է առանձնացել, փոխարենը՝ երբեք ծրագրային որևէ բան չի ասել:

Աչքի ընկնելու պահով՝ այո, ու դրա մասին արդեն նշեցինք: Բայց պետք է նկատել, որ հիշատակված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (2018-ին՝ իրենց «Իմ քայլը») նաև ծրագրեր են ներկայացրել: Դե, ընտրարշավին որևէ բան պիտի ներկայացնեին որպես «նախընտրական ծրագիր», ներկայացրել են:

Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի: Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է: Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է: Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ... պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է: Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Այսինքն, եթե նույնիսկ ընտրությունների միջոցով, չնայած բոլոր կեղծիքներին, սպառնալիքներին, ճնշումներին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, որևէ մեկ այլ թեկնածու կամ ուժ կարողանում է ընտրվել, Փաշինյանն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, իրենց «պատառոտելով», ամեն ինչ անում են, որ ոտնահարեն ընտրողների կամքի արտահայտությունը: Սա է փաշինյանական իշխանության ու, այսպես կոչված, «ժողովրդավարական բաստիոնի» իրական բնութագիրը:

Այո, հնարավոր է՝ դեռ ինչ-որ անձինք կան, որ էքստազի մեջ են ընկնում, երբ Փաշինյանը արտաբերում է «պադվալի առնետ» կամ նման մի բան: Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գնում են դեպի համակողմանի «պռավալ», այն է՝ տապալում: Վատն այն է, որ նրանք իրենց հետ դեպի այդ կողմ են քարշ տալիս նաև պետությունը:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

 --00—ՍՊ