ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ավելի քան 400 մարդ, որոնք փրկվել էին Պակիստանի հարավ-արևմուտքում «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորման կողմից զավթված գնացքից, ժամանել են Քվետա քաղաք. անվտանգության ուժերի աշխատակիցները վնասազերծել են բոլոր 33 գրոհայիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ փրկարարական գործողության ժամանակ զոհվել է 21 պատանդ և հատուկ ծառայությունների չորս աշխատակից։
Ներկայում Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվետայի երկաթուղային կայարան ժամանած տուժածներին ու փրկարարներին բուժօգնություն է ցուցաբերվում։
Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մարտի 13-ին կայցելի նահանգ: Նա հարձակումը որակել է «թուլակամության ակտ» և հայտարարել, որ նման գործողությունները չեն սասանի Պակիստանի՝ խաղաղության ձգտելու վճռականությունը:
Զինված խմբավորումը գնացքի վրա էր հարձակվել մարտի 11-ին, Բելուջիստանի նահանգի հեռավոր շրջանում, լեռներով շրջապատված թունելի մերձակայքում։ Խմբավորման մարտիկները պայթեցրել էին երկաթգիծը և կրակ բացել գնացքի վրա, որը Քվետայից Փեշավար էր ընթանում։ Բացի այդ, նրանք սպանել էին վեց պակիստանցի զինվորականի և խոստացել սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։
«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Այդ խմբավորումները ցանկանում են Բելուջիստանի անջատումը Պակիստանից։ Նրանք բազմիցս հարձակումներ են կատարել պետական ծառայողների, զինվորականների և Չինաստանի հետ կապված ձեռնարկությունների վրա՝ պահանջելով այնտեղ մշակվող ռեսուրսներից բաժին ստանալ:
--00--ԱՀ