Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է ազգային թիմ հրավիրված խաղացողների մասին:

«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:

Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:

Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:

--00--ԱՀ