ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 23:50-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին այն մասին, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել անչափահասը:
2023 թվականի օգոստոսի 2-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեկ օր անց՝ 2023 թվականի օգոստոսի 3-ին, դատախազը Նորայր Շախվերդյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով և 2024 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի հետ հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ