Թուրքիան առավելագույն ջանք պետք է գործադրի խաղաղության համաձայնագրի շուտ ստորագրման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Թուրքական «Global Panorama» պորտալում հրապարակվել է Ֆ. Ջեյլանի «Հարավային Կովկասում ծաղկող խաղաղության հույսը» վերնագրով հոդվածը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո փորձել է որդեգրել ռեալիստական մոտեցում։  

Հոդվածագրի խոսքով՝ ՀՀ վարչապետը ձգտել է դուրս բերել Հայաստանը անցյալի կաշկանդող գաղափարական շրջանակներից և ապահովել երկրի զարգացման նոր ուղի։  «Նա Ադրբեջանի հետ մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունն է դարձրել։ 

«Հայաստանի պարտությամբ ավարտված 2-րդ Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը, չնայած ներքին քաղաքական դժվարություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին իրատեսական հեռանկարով մոտենալու ունակություն է դրսևորել, երկկողմ և բազմակողմ շրջանակներում այս իրատեսական տեսանկյունին համապատասխան դիրքորոշում է որդեգրել»,- նշում է հոդվածի հեղինակը: 

Նրա գնահատմամբ՝  Ադրբեջանի ղեկավարությունը, սակայն, չի խուսափել Հայաստանի հետ խաղաղությունը վտանգի տակ դնելուց՝ շրջանառության մեջ դնելով կոշտ հռետորաբանություն, որը կարող է խափանել Թուրքիայի  գործընթացը Հարավային Կովկասում կարգավորման վերաբերյալ։ 

Իսկ հոդվածի «Ի՞նչ պետք է անի Թուրքիան» ենթավերնագրում հեղինակը նշում է, որ Թուրքիան պետք է աջակցի Հայաստան-Ադրբեջան գործընթացի առկա տեմպին նրա բոլոր կողմերով և պետք է առավելագույն ջանք գործադրի համաձայնագրի՝ որքան հնարավոր է շուտ ստորագրման համար: 

Նրա խոսքով՝ այս համատեքստում Թուրքիան պետք է անպայման ձեռնարկի համաձայնագրի ստորագրմանը հյուրընկալելու նախաձեռնություններ։ 

«Գոյություն ունեցող խաղաղության հիմքն ամրապնդելու նպատակով Թուրքիան պետք է հայտարարի սահմանված օրը Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու մասին և առանց ժամանակ կորցնելու պաշտոնապես հայտարարի, որ աջակցում է երկու երկրների միջև կարգավորման գործընթացին: Այս շրջանակում, փոխադարձ համաձայնության հիման վրա, պետք է ստանձնի երկու երկրներում դեսպանություններ բացելը, հետևաբար պաշտոնական և բաց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- նշում է նա:

Հոդվածի հեղինակը հավելել է, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը կարող է լավ հնարավորություն ստեղծել Թուրքիայի համար՝ ամրապնդելու իր ազգային շահերը տարածաշրջանում և դրանից դուրս։ 


--00--ԱՀ