ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ լուրեր կային, որ Տավուշում շարունակում են չափագրումներ անել` սահմանազատման աշխատանքների շրջանակներում: Օրերս մենք հարց էինք ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, թե «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ադրբեջանական զինուժը դուրս կգա՞ ՀՀ սուվերեն տարածքներից։
Նա պատասխանել էր, որ այդ հարցը կարգավորվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում: Իսկ մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որով հերքում էր ադրբեջանական ապատեղեկատվությունը` սահմանին կրակոցների մասին, եւ առաջարկում էր համատեղ մեխանիզմ մտածել այդ տեղեկությունների «հետաքննության» համար:
Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները», ինչը խոսում էր այն մասին, որ սահմանազատման աշխատանքները մտել են փակուղի:
Երեկ ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պատգամավորները հարց են ուղղել սահմանազատման աշխատանքների մասին: Նա ասել է, որ այդ աշխատանքները կանգնած են` սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
--00—ԱՊ