Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 22-ամյա Միշա Խ․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկ Սասուն Մուրադյանը և կրտսեր պարեկ Արամայիս Իվանովը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

--00—ԱՀ