ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի հրաժարվի գահից, ընդհակառակը, ծանր հիվանդությունից հետո նա կսկսի գործունեության նոր փուլ և կարող է զարմացնել բոլորին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TASS»-ը, այդ մասին հայտարարել է պոնտիֆիկոսի մերձավոր, արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։
«Սկսվում է նոր փուլ, Ֆրանցիսկոսը անակնկալների մարդ է։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ նա կարող էր հրաժարվել պապական գահից: Դա հաստատ այդպես չէ», - ասել է կարդինալը:
Նա հայտնել է նաև, որ հնարավորություն է ունեցել շփվելու պոնտիֆիկոսի հետ, ով փետրվարի 14-ից թոքաբորբով հիվանդանոցում է։ Կարդինալի խոսքով՝ Պապն իրեն ֆիզիկապես լավ է զգում, սակայն դեռ դժվարությամբ է խոսում։
«Այժմ անհրաժեշտ է երկար վերականգնում, քանի որ երկարատև ինտենսիվ թթվածնի մատակարարումից հետո կոկորդը չորացել է, և նա պետք է նորից սովորի խոսել»,- նշել է առաջնորդ սրբազանը։
Ինչպես հաղորդվում է, 88-ամյա Պապի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Գիշերը նա այլևս չի օգտվում արհեստական շնչառության ապարատից: Պապը շնչառական և շարժողական ֆիզիոթերապիա է անցնում։ Թե երբ կարող է նա դուրս գրվել, չի նշվում։ Հարցականի տակ են նրա մասնակցությամբ բոլոր Զատկի եւ նախազատկական ծեսերը:
--00—ԱՀ