Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ․ հուսով եմ՝ սիրելի գյումրեցիները «ոչ» կասեն ցինիզմին․ Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ays_pahin_inch_or_pashtoni_mas_n299243_1_v1-770x_

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ…

Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան։ Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը, մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։

Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։

Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։

Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին տրվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է. երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ՝ Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։

Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։

Հ.Գ. Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։

Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։

--00—ՅՄ