ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_5

Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ 

Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ 

Տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ու բեռնափոխադրումների ծավալների ավելացմանն ուղղված ջանքերի կարևորությունը։  

ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։ 

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է պայմանագրի ստորագրմանը, ինչին հնարավոր կլինի հասնել երկու կողմերից քաղաքական կամքի դրսևորման պարագայում։ 

--00—ՅՄ