ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դա (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը)…. պետք է դառնա «Աերոֆլոտ»-ին պատժամիջոցներից դուրս բերելու հետևանք», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման առաջարկություն Վաշինգտոնին արել է ավելի քան մեկ ամիս առաջ Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ։
«Ամերիկացիները դա ընդունել են, սակայն առայժմ մենք ոչ մի պատասխան քայլ չենք տեսել», - հավելել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան խորհրդակցություններ, «որտեղ մեր փորձագետները հիշեցրել են այս առաջարկության մասին»։
«Անկեղծ ասած, պարզապես հնարավորություն դեռ չեմ ունեցել նրանց հետ կապվել: Միգուցե, այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են եղել, սակայն առայժմ դրանց մասին ոչինչ հայտնի չէ: Բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ, քանի որ սա վերադարձ է դեպի կանոնավորություն», - հայտարարել է Լավրովը:
--00--ԱՀ