Ոստիկանությունն երեկ շատ լուրջ հարված ստացավ. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՒԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ,  24News

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ոստիկանության պատերի տակ «ոտքերը մաքրելու մասին» հայտարարությունը ոչ միայն անթույատրելի էր, այլ նաև աննախադեպ։ Այս մասին նա ասաց լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Ոստիկանության պատերի տակ նման արտահայտություն երբեք չի եղել։ Սա մեծ հարված էր ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև այն քաղաքական ուժին, որն ընտրված է լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Արդեն գիշերը ոստիկանությունը պետք է ուղղած լիներ իր սխալը», - նշել է նա։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 4-ին, ոստիկանությունը բերման էր ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք պահելու և կրելու կասկածով։ Երեք ժամ պահելուց հետո իրավապահները Հայրապետյանին բաց էին թողել, որից հետո նա ասել էր, թե «կգա ժամանակը, երբ ինքը կպառկեցնի ասֆալտին ու ոտքերը կսրբի նրանց վրա»։