ԵՊՀ-ն չեղարկել է «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը․ ՔԻՊ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ՔԻՊ1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանում իրականացվող «գրաքննությանը»։

««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում է գրաքննություն, սահմանափակվում են ուսանողների և աշխատակիցների՝ իրազեկված լինելու, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքները, ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ սահմանափակվում է մամուլի տարածման ազատությունը։ 

Մասնավորապես՝ 2020 թվականից դադարեցվել է «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը և առաքումը ԵՊՀ։ Իրական պատճառն այն է, որ նշված օրաթերթում հրապարակվում են քննադատական հոդվածներ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի գործունեության, ԵՊՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 

ՔԻՊ-ը «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրության չեղարկման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցմամբ դիմեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամին։ Հարցումը հիմնավորված էր «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ Սահմանված ժամկետում չստանալով հարցման պատասխանը՝ ՔԻՊ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան, պահանջելով վարչական իրավախախտում արձանագրել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի գործողություններում և վերջինիս տուգանել 50 հազար ՀՀ դրամ։ 34 օր անց, երբ գործն արդեն դատարանում էր, Գևորգյան Գեղամը արձագանքեց ՔԻՊ հարցմանը։ Պատասխանից պարզ դարձավ, որ հիմնավոր է ողջամիտ կասկածն առ այն, որ «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը չեղարկվել է ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ»։