ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Այն մեկնարկել էր առավոտյան 08:00-ից:
Ընտրություններն անցկացվեցին 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում:
Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:
Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախում ընտրողների թիվը կազմել է 103.663 մարդ:
Արցախի նախագահական ընտրություններում նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝
«Անկախության Սերունդ» կուսակցություն՝ Իսրայելյան Ռուսլան,
«Արդարություն» կուսակցություն՝ Բալասանյան Վիտալի,
Արցախի Պահպանողական կուսակցություն` Բաբայան Դավիթ,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ Իշխանյան Դավիթ,
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն` Ղուլյան Աշոտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցություն` Խանումյան Հայկ,
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք` Հարությունյան Արայիկ,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Բադասյան Վահան,
Թեկնածուներ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը ինքնաառաջադրվել են:
Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ համապետական ընտրություններից առաջ ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները ընտրական բոլոր տեղամասերում: