ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News
Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկվանից հավաքվել ու նստացույց են անում Էջմիածնի զորամասի առջև, որտեղից իրենց որդիներին ռազմաճակատ են տարել: 24News-ի հետ զրույցում զինծառայողներից մեկի ծնողը՝ տիկին Անահիտը փոխանցեց՝ պատրաստվում են այնքան ժամանակ մնալ զորամասի մոտ, մինչև իրենց որդիներից լուր լինի:
Զինծառայողի մոր փոխանցմամբ՝ իրենց զավակներից մինչ այս պահը որևէ մեկը լուր չունի, իրենց ոչինչ չեն հայտնել: «Մեզ արդեն նույնիսկ զորամասի տարածք չեն թողնում: Այն զորամասի, որտեղից մեր զավակներին պատերազմի դաշտ են տարել: Կառավարության կամ պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել չենք պատրաստվում, քանի որ մեր տղաներին էջմիածնից են տարել»,- նշեց նա:
Հարցին ի պատասխան, թե պատերազմի ավարտից ի վեր որևէ պատկան մարմին գոնե չնչին տեղեկություն փոխանցե՞լ է, տիկին Անահիտը բացասական պատասխան տվեց.
«Ոչ, որևէ բան էլ չեն ասել: Իրենք նոր տարի են անում, սեղան են նստում ուրախ սրտով, թքած ունեն ժողովորդի վրա: Երեք ամիս է անցել, ինչ մեր տղաները մեկնել են սահման, այդ ընթացքում նրանց աշխատանքից հանել են, աշխատավարձը կտրել են: Բայց այդ տղաներից շատերն իրենց տան միակ աշխատողն են, ու էսօր մարդիկ կան, որ գազի ու հոսանքի խնդիր ունեն: Պատկերացնում ենք՝ անհետ կորածների փոքր երեխաներին անգամ մի փոքր ամանորյա տուփ չեն ուղարկել: Այ էդպիսի ղեկավարություն ունենք: Դե կարևորը հրամանատարն ու մայորն են, որ իրար հետ փախել, փրկվել ու հետ են եկել: Նրանք հիմա իրենց տներում նստած են, բայց մեր զավակներից լուր չունենք»:
--0--ԿԿ