ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը թեմատիկ առումով առաջինն էր և ունի նպատակային ուղղվածություն:
Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը, կարևորելով ցուցադրության թեման, ընդգծել է, որ Հայաստանի ազգային արխիվում կան հարյուրավոր նմանատիպ փաստաթղթեր, որոնք Հայոց պահանջատիրության համար կարևոր հիմք են:
Ցուցադրությունը երկլեզու է, ներառում է շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թ. ապրիլ ամիսը:
--00—ԼՄ