ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Telcell-ը գործարկում է ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանց, ինչը թույլ կտա կրճատել COVID 19 վարակի տարածումը` ֆինանսական գործարքներ իրականացնելիս:
Ինքնասպասարկման մասնաճյուղերում կա վճարումները ավտոմատ ընդունելու սարք, իսկ գանձապահի հետ հաղորդակցումը ապահովվում է տեսակապով:
Ամեն ինչ արված է՝ բացառելու մարդկային շփումը, որպեսզի հաճախորդներն իրենց ապահով զգան. սուպերտերմինալի (այսպես է կոչվում հատուկ ավտոմատ սարքը) միջոցով սքանավորվում են անձնական փաստաթղթերը, տրվում հրահանգները, մուտքագրվում է գումարը, իսկ նույնականացում անցնելու համար հաճախորդը լուսանկարվում է փոքրիկ տեսախցիկով:
Հաճախորդները կարող են սուպերտերմինալով կատարել տարբեր վճարումներ ու բանկային գործարքներ, ստանալ դրամական փոխանցումներ, հաշիվներ համալրել, գումար կանխիկացնել բուքմեյքերական հաշիվներից, նաև՝ Telcell Wallet-ի հաշվեկշռից։
«COVID 19-ով պայմանավորված` ոլորտում նոր մարտահրավերներ հայտնվեցին, ինչը անխուսափելիորեն բերեց մեր հերթական նորարար լուծման: Ֆինանսական համակարգում կարգավորիչ մարմնի` Կենտրոնական բանկի հետ համատեղ մեկնարկեցինք այս գաղափարը, և սա մասնավոր բիզնեսի ու պետական կառույցի համագործակցության արդյունքում նոր ներդրում է մեր հայրենակիցների համար վճարային արդիական գործիքների հասանելիության ու նաև առողջության պահպանման գործում»,- նշեց «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Ինքնասպասարկման առաջին մասնաճյուղը Telcell-ը գործարկել է Երեւանում` Բաղրամյան 1/5 հասցեում: Հետագայում անհպում մասնաճյուղերը կհագեցվեն անվտանգային օգտակար այլ գործառույթներով: