ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել հետևյալ կոչով.
«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելության համար:
Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։
Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝
«ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ» խմբակցություն
--00--ՍԳ