ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Այսօր՝ մայիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:
Նախարար Փամբուխչյանը զրուցել է խորհրդի անդամների հետ, լսել՝ մտահոգություններն ու առաջարկները: Կարևորելով հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը՝ ընդգծել է կառույցի տարբեր ծառայությունների կայացման գործում վետերանների ունեցած ավանդը:
Վետերաններն էլ իրենց հերթին կիսվել են երկար տարիների աշխատանքային փորձով, հանդես եկել առաջարկություններով:
ԱԻՆ վետերանների խումբը, ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում, առաջարկել է կազմավորել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության:
Վետերանները պարտավորվել են կարճ ժամանակահատվածում գրավոր ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:
Նախարար Փամբուխչյանը, ամփոփելով վետերանների հետ հանդիպումը, հավաստիացրել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կուսումնասիրվեն և հնարավոր ուղղություններով կկիրառվեն գործնականում:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը:
--00--ՀԶ