ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ռուսաստանը բազմիցս հարթակ է տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների համար, և արդեն հաստատել է բանակցությունների հնարավորություն ընձեռելու իր պատրաստակամությունը։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքերով, երկու կողմերն էլ պատրաստ են բանակցությունների և դեմ չեն։
Մոսկվան ակնկալում է, որ շուտով Ռուաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու օգտագործման վերաբերյալ։
«Ռուսաստանը նշում է եռակողմ հայտարարությունների իրականացման անհրաժեշտությունը, դրանք տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի հիմքն են»,-ասել է ռուս դիվանագետը։
Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև ակտիվացնել աշխատանքները սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ․ «Մոսկվան պատրաստ է խորհուրդներ տալ և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասել է նա։
--00—ՅՄ