ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Այցելել եմ ադրբեջանցի կալանավորված զինծառայողներին որպես ՀՀ ՄԻՊ, հիմնական հարցադրումները, որոնք քննարկման առարկա են դարձել, իրենց իրավունքների ապահովման վիճակն էր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից, նաև իրենց պահման պայմանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ խոսելով վերջերս ՀՀ տարածք ներխուժած և կալանավորված ադրբեջանցիների մասին, որոնցից մեկը մեղադրվում է ԶՊՄԿ-ի պահնորդի սպանության մեջ։
Հարցին, թե արդյո՞ք այցից հետո խնդիրների արձանագրումներ եղել են, Մանասյանն ասաց, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոք նրանց կողմից չի ստացվել․ «Պահման պայմաններին անձամբ եմ ծանոթացել, այսինքն՝ խցային պայմաններին և այլն։ Նաև այն հանգամանքին, թե արդյոք նրանք ստանում են սնունդ և ջուր, այդ առումով ևս նրանց կողմից բողոք չի ներկայացվել»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ ադրբեջանցիներին պարզաբանել է իրենց հիմնական իրավունքները, իրենց նկատմամբ կայացված դատական ակտով սահմանափակումների բնույթը, թե ինչպես կարող են բողոքարկել այդ ակտը և ինչպես դիմեն ՀՀ ՄԻՊ-ին․ «Շատ կարևոր է, որ այս հարցի լուսաբանումը մեր տիրույթում զգույշ լինի, որովհետև հետագայի տեսանկյունից այն կարևոր հանգամանք է մեր միջազգային իրավական քաղաքականության առումով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ