Գեղարքունիքի մարզպետն այցելել է Վարդենիս համայնքի շինհրապարակներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

մ.

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է անցկացրել Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի վերակառուցվող շենքի և Փոքր Մասրիկ-Նորակերտ  մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակներում։

 Կարեն Սարգսյանը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների հետ՝ թերությունների շուրջ անելով դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ 

Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է։

Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 մլն դրամ։ 

Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քմ մակերեսով։ 

Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 65 տոկոսով և կավարտվեն սեպտեմբերին։  

Գեղամասարի մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 150 մլն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսից։ Շինարարության ավարտի ժամկետը պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվական հուլիս ամիսը։ 

Ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի հին շենքի ամրացում ու վերակառուցում և նոր, լրացուցիչ մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։ 

Վերակառուցված 50 տեղանոց մանկապարտեզը կունենա ժամանակակից բոլոր պայմանները։

--00--ԼՀ