Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ընդլայնված կազմով տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանած պաշտոնյաներին՝ նշելով, որ այսպիսի բարձրագույն կազմով պատվիրակության այցը շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար. «Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես գնահատում եմ բոլոր պատվիրակությունների Հայաստան այցելելու հանձնառությունը՝ մեր երիտասարդ ժողովրդավարությանն աջակցելու համար: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ձեւաչափի յուրաքանչյուր երկրի հետ իր հարաբերություններին՝ թե՛ որպես երկկողմ գործընկերներ, թե՛ որպես Եվրամիության անդամներ կամ ասոցացված երկրներ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը, որն էական նշանակություն ունի կայուն զարգացման, լավ կառավարման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի համար: Մենք երախտապարտ ենք բարեփոխումների հարցում ձեր շարունակական աջակցության համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու նշել, որ տպավորված են Հայաստանով: Վերջիններս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ նշել, որ բարձր են գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերը: Նրանք նաեւ շեշտել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացին սատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

--00—ՅՄ