ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
✅ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»: Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։
✅ Ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուն կարիերան կշարունակի «Փյունիկում»։ 30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը»։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո և նա Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր։ Բոպեսուն 3 անգամ դարձել է Լիտվայի, 1 անգամ՝ Լատվիայի չեմպիոն։ «Փյունիկ» են տեղափոխվել նաև ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան և 23-ամյա ռուս դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը։
✅ «Կրասնոդարը» հայտարարել է պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։ Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։ Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։ Գեորգին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։
✅ «Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն վարձավճարով տեղափոխվել է «Բրենտֆորդ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը և ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
✅ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Կասպեր Ուրբանսկին «Բոլոնիայից» վարձակալությամբ տեղափոխվել է «Մոնցա»։
✅ Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկին «Մինեսոտայից» տեղափոխվել է ՀԻԿ։
✅ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Մատեուշ Բոգուշը «Լոս Անջելեսից» տեղափոխվել է «Կրուս Ասուլ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 8,5 մլն եվրո։
✅ ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս»։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
✅ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է «Մարսելի» հարձակվող Էլի Վաի տեղափոխության մասին: 22-ամյա ֆրանսիացին գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։ Տրանսֆերը կազմել է մոտ 30 մլն եվրո՝ բոնուսները ներառյալ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ