ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Բրիտանական Economist intelligence unit-ը երեկ հրապարակել է 2024 թ. ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» պիտակը։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ.
Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ, նաև ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգն անկախ չէ:
Կրկնեմ՝ ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել, և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։
Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորներն ամբողջությամբ չեն կարողանում նկարել հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։
Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև կրկին վատացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի ժողովրդավարության գնահատականը նախորդ ցուցանիշից կրկին նվազել է՝ դառնալով 5.35՝ 10-ից և նվազելով 0.07 բալով:
Համաշխարհային դասակարգմամբ Հայաստանի դիրքը երկու հորիզոնականով բարելավվել է. այլ երկրներում նույնպես արձանագրված հետընթացի պատճառով նախորդ տարվա 84-րդ տեղի փոխարեն՝ այս անգամ մենք 82-րդն ենք։ Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Զամբիային, Բութանին, Լեսոթոյին, Գանային և Սուրինամին։
Հատկանշական է կառավարման ճգնաժամի մասին վկայող կառավարության էֆեկտիվության ցուցանիշի շարունակական և զգալի անկումը՝ 4.64-ից այն դարձել է 4.29։
Օրերս ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ փաստաթղթում նիկոլական ուսապարկերի և եվրոպացիների քվեարկությամբ Հայաստանի ռեժիմն անվանվեց «լիարժեք ժողովրդավարություն», սակայն գեոպոլիտիկ շահերով պայմանավորված՝ նման ստերը բացահայտվում են առավել մասնագիտական զեկույցների արձանագրումներով։
Հիշեցնեմ նաև, որ նույն «Թրանսփերենսի Ինթերնեշնլի» և «Ֆրիդոմ Հաուսի» վերջին զեկույցներով Հայաստանը չի բարելավել իր ցուցանիշները ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի, ոչ էլ ազատությունների ոլորտներում։
Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
28.02.2025
--00—ՍՊ