ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կողմնորոշվում՝ ամռան սկզբին ինչպես դիմավորի Հայաստան այցելող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` հետաքրքրվելով. «2022 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Դուք օդանավակայանում երկու ձեռքով ողջունելով, ծաղկեփնջով դիմավորեցիք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տարակուսել էր այդ ջերմ վերաբերմունքից: Ի պատասխան՝ Դուք խոստացել էիք, որ երբ Մատվիենկոն Հայաստան գա, կգնաք եւ ինքնաթիռի մոտ նրան գրկած կդիմավորեք: Հիմա պարզվել է, որ Մատվիենկոն առաջիկայում Հայաստան կգա: Ըստ այդմ, ցանկանում ենք իմանալ՝ արդյոք կկատարե՞ք Ձեր խոստումը եւ նրան գրկած կդիմավորե՞ք ինքնաթիռի աստիճանների վրա»:
Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չգիտի՝ կատարելու է խոստումը, թե ոչ: Համենայնդեպս, նրա ուղարկած պատասխանը ոչնչի մասին է. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»: Ահա Մատվիենկոյին դիմավորելու մասին ուղիղ հարցին ինչ անբովանդակ պատասխան է տվել Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի խոսնակի միջոցով:
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը, նախնական պայմանավորվածությամբ, Երեւան կժամանի այս տարվա հունիսի 5-6-ը»:
--00—ՍՊ