Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի ԱԶԲ-ի հետ նոր նախագծերի բավականին տպավորիչ փաթեթ, ինչը կարևոր ներդրում է քաղաքի բարեկեցիկ ու կայուն ապագայի համար՝ ենթակառուցվածքների արդիականացման և «կանաչ» նախաձեռնությունների միջոցով:
«Քաղաքաշինական ծավալուն ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: ԱԶԲ աջակցությունն իր հերթին օգնում է մեզ՝ ձևավորել գրագետ և կենսունակ ներդրումային ծրագրեր ու հասցեագրել ֆինանսավորման խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:

Կողմերը նաև անդրադարձել են իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջընթացին՝ երկուստեք հավաստելով, որ չնայած ի սկզբանե պլանավորված ժամանակցույցից որոշակի շեղումներին, կներդրվեն բոլոր ջանքերն այս տարի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկելու համար:

Երևանի առաջնահերթություններից են 250 էլեկտրական նոր ավտոբուսների ձեռքբերումը և դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, Մետրոպոլիտենի արդիականացումը, Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը և այլն: 

Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար և իրենք պատրաստ են աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը:


--00--ԱՀ