ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -1
Իր կառավարման արդեն երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կատարած սխալները Արցախի հետ կապված շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին առումներով:
Փոխանակ միացումն ավարտելու ուղղությամբ քայլեր կատարելու, նա, ընդհակառակը, անջատում է Արցախը Հայաստանի Հանրապետությունից:
Այսօր Արցախն ավելի հեռացած է Հայաստանի Հանրապետությունից, քան նախկինների օրոք էր:
Նիկոլ Փաշինյանը փաստացի օժանդակում է Արցախի աբխազացմանը: Կրեմլը, օգտվելով այդ հնարավորությունից, էլ ավելի է խորացնում Արցախի անջատումն ու աբխազացումը:
Այդ գործում Կրեմլն ակտիվ կերպով օգտագործում է նաև Արցախում իշխանական լծակներին ու օլիգարխիկ կապիտալին տիրապետող իր գործակալներին:
Հարկ է հիշեցնել, որ 2018 թ. Ստեփանակերտում ևս ժողովուրդը ոտքի էր կանգնել Երևանի օրինակով տեղի մաֆիային տապալելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իր անձնական հեղինակությունը և փաստացի թույլ չտվեց, որ ժողովուրդը հեռացնի մաֆիային:
Եվ այսպիսի իրավիճակում, դարձյալ Երևանի թողտվությամբ, Արցախում մաֆիան կազմակերպում է ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն կանխորոշված են:
Օտարին ծառայող ազգադավ մաֆիան վերատրադրվելու է և վերարտադրվելուց հետո բացեիբաց վարելու է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատելու քաղաքականություն:
Մեր ժողովուրդը պետք է նախապատրաստվի այս աղետալի ընթացքը կանխելու ուղղությամբ քայլեր կատարելու համար:
Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար:
Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:
Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: