ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Ադրբեջանին Հանրապետության օրվա առթիվ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակվել է պաշտոնյայի շնորհավորական ուղերձի տեքստը:
«Շուրջ 30 տարի Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը պահպանում են կարևոր գործընկերային հարաբերությունները: Մենք զբաղվում ենք այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Լինի դա Աֆղանստանում խաղաղություն հաստատելուն ուղղված մեր ուս-ուսի ծառայությունը կամ Հարավային գազային միջանցքով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքը, մեր երկու երկրները շարունակում են համագործակցել համաշխարհային սուր խնդիրների լուծման շուրջ»,-նշվում է ուղերձում:
Անդրադարձ կա նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ուղերձում նշում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը:
«Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հանձնառու լինել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշված է Պոմպեոյի ուղերձում: