ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական և տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաև Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
«Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։
Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին և կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։
Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երևանում զբոսայգու կառուցումը, Կիև-Երևան-Կիև ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային և արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--0-- ՍՊ