ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված զանգվածային հրդեհի հետևանքով տուժած ամերիկահայ համայնքի անդամներին:
Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
ՀԽՀԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այս օրերին բոլորս մեծ սարսափով ենք հետևում Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհին ու դրա պատճառած մեծամասշտաբ ավերածություններին: Ցավալի է տեսնել, որ բնական աղետի հետևանքով տուժել են նաև ամերիկահայ համայնքի մեր հարյուրավոր հայրենակիցներ: Մեծ գոհունակությամբ ենք հիշում, թե ինչպես Լոս Անջելեսի տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Գլենդելից, Բըրբանքից, Հոլիվուդից, Փասադենայից շուրջ 300 հայեր մասնակիցը դարձան Համահայկական ամառային վերջին խաղերին: Այսօր արդեն ցավով ենք տեղեկանում, որ մեր շատ հայրենակիցների տները հրո ճարակ են դարձել բնական այդ սարսափելի աղետի հետևանքով: Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում աղետից տուժած բոլոր հայ ընտանիքներին: Ցանկանում ենք նշել, որ մշտական կապի մեջ ենք քաղաքային կոմիտեների ներկայացուցիչների, մասնավորապես գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանին և անդամ Արմիկ Եբրահիմյանի հետ: Անհրաժեշտության դեպքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և գործկոմի անդամները, հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում քաղաքային կոմիտեների անդամները պատրաստ են իրենց գործնական զորակցությունը ցուցաբերել ձեզ: Մաղթում ենք տոկունություն և ոգու ամրություն: Վստահ ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանաք հաղթահարել դժվարություններն ու վերադառնալ բնականոն կյանքի ռիթմին»:
--00—ԼՀ