ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաճախ տրվող մի շարք հարցերի: Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի լրագրողներ, համաքաղաքացիներ, քանի որ ծանրոցների սակագների վերաբերյալ «Հայփոստ» ընկերության տարածած հաղորդագրություններից հետո հանրության շրջանում դեռևս մնացել են որոշակի հարցեր, հարկ եմ համարում ևս մեկ անգամ ներկայացնել պարզաբանումներ:
- Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները:
- Ո՛Չ, «Հայփոստ» ընկերությունը չի թանկացրել ապրանքային ներդիրով մինչև 1 կգ ծանրոցների գինը, ասեմ ավելին, ընկերությունը, հաշվի առնելով իր հաճախորդների շահերը, երկու օրվա ընթացքում օպերատիվ կերպով մշակել է մինչև 1կգ քաշ ունեցող ծանրոցների համար սակագնային շեմեր, որոնք սկսում են 300 դրամից 1260 դրամի փոխարեն և որին կարող եք ծանոթանալ ստորև: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի մասին օրենքի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը»18.2 րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ԱՎԵԼԻ ՑԱԾՐ սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները»: Ինչը նշանակում է, որ Հայփոստը կարող է իջեցնել սակագները, բայց ոչ բարձրացնել:
- Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում շատ են դեպքերը, որ օնլայն խանութները էլ ավելի ցածր սակագներ են վճարել:
- «Հայփոստ» ընկերությունում ստացված ահազանգի միջոցով պարզ է դարձել, որ դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել և ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձևակերպվել և ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել:
- Ի՞նչ է ձեռնարկել «Հայփոստ» ընկերությունը
- «Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաև՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման և օրենքի շրջանակներում: Բացի այդ ՝ հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ տրամաբանական չէ և՛ 1 կգ քաշով ծանրոցների համար վճարել 1260 դրամ և 1 կգ-ից պակաս քաշով ծանրոցների համար վճարել նույն գինը՝ Հայփոստ ընկերության թիմը մշակել է մինչև 1 կգ ծանրոցների սակագնային շեմեր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Հայփոստ» ընկերության սահմանած սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանման ծառայություններից էժան է 40%-ով»:
--00--ԱԹ