ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀ ոստիկանությունը քննարկման է ներկայացրել ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Ոստիկանությունը նշել է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների և արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ և 192 հազար 921 դրամ։
Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձերը, համապատասխանաբար, ըստ ստաժների, կազմելու են՝ 320 հազար դրամ և 325 հազար 584 դրամ։
Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 դրամի չափով։
Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար 181 դրամ։
Բացի այդ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաև ամսական պարգևատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։
--00--ԱԹ