ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացնում է հերոսական դրվագներ՝ տանկային մարտերից
«Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--0--ԿԿ